Jaguar Land Rover (JLR) ընկերության արտադրության մեքենաների բոլոր նոր մոդելները 2020-ից սկսած սարքավորված կլինեն կամ էլեկտրական, կամ հիբրիդային շարժիչով, ասվում է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ն։
Ավտոարտադրողի էլեկտրական շարժիչով առաջին մեքենան Jaguar I-Pace-ն է լինելու, որը վաճառքում կհայտնվի արդեն 2018-ին։
Ընկերության գործադիր տնօրեն Ռալդ Սփեթն ասում է, որ էլեկտրական կամ հիբրիդային շարժիչներով մեքենաների արտադրությանն անցնելու որոշումը գնորդներին ավելի մեծ ընտրություն կտրամադրի։
Jaguar Land Rover մեքենաների բրիտանական խոշորագույն արտադրողը պատկանում է Tata Group հնդկական վերազգային ընկերությանը։
Այս տարվա հուլիսին Volvo կոնցեռնը հայտնել է, որ 2019-ից սկսած՝ ընկերության նոր մոդելները կսարքավորվեն էլեկտրական շարժիչներով։ Այսպիսով՝ Volvo –ն մտադիր է Jaguar-ից մեկ տարի շուտ անցնել էլեկտրական շարժիչների։




























