ԱՄՆ-ում՝ Փասադենայի շրջանային դատարանը բանտարկության է դատապարտել երեք հայերի՝ մի հայ կնոջ սպանության համար:

Գլենդելի 29-ամյա բնակիչ Արմեն Մանգասարյանը դատարանի վճռով դատապարտվել է 50 տարվա բանտարկության: Լոս-Անջելես շրջանի դատախազության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Շրջանային դատարանի դատավոր Լիզա Լենչը 16 տարվա բանտարկության է դատապարտել Մանգասարյանի հանցակցին՝ Արփիար Տեր-Գալստանյանին, հաղորդում է Los Angeles Times-ը:

Օգոստոսին երդվյալ ատենակալների դատարանը մեղավոր էր ճանաչել նրանց 49-ամյա Ժասմին Ոսկանյանի սպանության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել Բըրբենքում: 21-ամյա Տեր-Գալստանյանին, ով վարել էր մեքենան, մեղադրանք էր ներկայացվել երկրորդ աստիճանի սպանության մեջ:

Երրորդ հանցակիցը՝ 27-ամյա Բելլա Ստեփանյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման եւ երեք տարվա փորձաշրջանի:

Ժասմին Ոսկանյանի սպանությունը տեղի էր ունեցել 2009թ. դեկտեմբերի 25-ին: Մանգասարյանը կրակել էր նրա դեմքին, երբ կինը բացել էր դուռը:

Դատավարության ընթացքում մեղադրյալները հայտնել էին, որ նա գումար է պարտք եղել Բելլա Ստեփանյանին եւ չի վերադարձրել: