Թերթը հայտնում է, որ դեկտեմբերի 8-ին Ստամբուլում սկսվել է 2010-ի օգոստոսից կալանավայրում գտնվող Գերմանիայի քաղաքացիություն ունեցող թուրք գրող Դողան Աքհանլըի դատավարությունը, որ ավելի վաղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

Աքհանլըն օգոստոսի 10-ին առաջին անգամ այցելում է Ստամբուլ`տեսակցելու հիվանդ հորը, նրան հենց օդանավակայանում ձերբակալում են: Օգոստոսի 20-ից Ստամբուլից արեւմուտք Թեքիրդաղ մարզի մեկուսարանում գտնվող Աքհանլըին մեղադրում են 1989-ի հոկտեմբերին մահվան ելքով զինված ավազակային մի հարձակման մասնակցության մեջ: Վկաները ժամանակին հետ էին վերցրել իրենց ցուցմունքները: Թուրքիայում, ինչպես նաեւ Գերմանիայում գնահատանքի արժանացած գրողը հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատարանը մերժել էր Աքհանլըի ազատ արձակումը:

Գերմանական ռադիոն, տպագիր եւ էլեկտրոնային բազմաթիվ լրատվամիջոցներ, հակիրճ անդրադառնալով Քյոլնում բնակվող ու Գերմանիայի քաղաքացիություն ունեցող գրողի ձերբակալությանը, շեշտում են, թե նրան «պատժում են» հատկապես իր քաղաքական հայացքների, Թուրքիայի պատմությունը վերանայելու, տաբու թեմաներին անդրադառնալու համար: Մասնավորապես շեշտվում է, թե «Ահեղ դատաստանի դատավորը» վեպում գրողն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

Թերթը նշում է, որ դատավարության կադրերում Դողան Աքհանլըն ժպիտը դեմքին էր պահում: Իր փաստաբանին ասել է`եթե ցմահ ազատազրկված չլինեի, այն իրավիճակը, որում գտնվում եմ, ծիծաղս կհարուցեր: Ինձ նմանեցնում եմ Ֆրանց Կաֆկայի վեպի հերոսին, ոչ միայն այն պատճառով, որ անմեղ տեղն եմ բանտարկվել: