Գվադելուպան, Դոմինիկը, Սենթ Քիտսը եւ Նեւիսը, Մոնթսերաթը եւ շատ այլ Կարիբյան կղզիներ նոր փորձության՝ «Մարիա» փոթորկին են պատրաստվում, որի քամու ուժգնությունը սրընթաց աճում է, հայտնում են օդերեւութաբանները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Կիրակի երեկոյան «Մարիայի» քամու ուժգնությունը հասել է ժամում 120 կմ-ի: ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը նոր աղետի մակարդակը բարձրացրել է առաջին աստիճանի:

Ներկայումս «Մարիան» շարժվում է գրեթե նույն հետագծով, ինչ «Իրման»: Փոթորկի շարժմանն առանձնահատուկ տագնապով են հետեւում ամերիկյան եւ բրիտանական Վիրջինյան կղզիների, Սեն Մարթենի, Սենթ Բարթսի, Սաբայի, Սինթ Էստատիուսի իշխանությունները:

Այս կղզիներից մի քանիսը զգալիորեն ավերվել էին այս ամսվա սկզբին «Իրմա» փոթորկի հետեւանքով: Այդ ժամանակ զոհվել էր նվազագոյնը 37 մարդ: Սպասվում է, որ փոթորիկը Կարիբյան կղզիների արեւելյան շղթային կհասնի երկուշաբթի երեկոյան:

Ներկայումս «Մարիա» փոթորկի կենտրոնը Բարբադոսից 200 կմ հյուսիս-արեւմուտքում է գտնվում: