Մեղավոր ճանաչված մանկապիղծ հեգեւորականները չպետք է ներման եւ աստիճանի վերականգնման հնարավորություն ունենան, քանի որ դա կարող է նոր հանցագործությունների տեղիք տալ, կարծում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հինգշաբթի օրը նա հայտարարել է անչափահասների իրավունքների պաշտպանության Վատիկանի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է AFP-ն:

«Անչափահասների նկատմամբ բռնությունը, եթե այն ապացուցված է, բավական է, որպեսզի (աստիճանից զրկելու որոշումների) ներման  հնարավորություն չունենան»,- ասել է Հռոմի պապը: Նրա կարծիքով՝ այս դեպքում պատիժը պետք է վերջնական լինի:

Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ մի անգամ սխալ է թույլ տվել՝ վերականգնելով իտալացի եպիսկոպոս Մաուրո Ինզոլիի աստիճանը, որը մեղավոր էր ճանաչվել մանկահասակ երեխաներին պղծելու մեջ: 2 տարի անց Ինզոլին կրկին մեղադրվել է երեխաների նկատմամբ նոր չարաշահումների մեջ:

Պապի խոսքով՝ դրանից հետո, սակայն, ինքը «դաս է քաղել»: «Ինչ վերաբերում է պապական համաներումներին, ես երբեք դրանք չեմ ստորագրի, եթե խոսքը նման հանցագործություններին վերաբերի»,- խոստացել է նա:

Ֆրանցիսկոսը մանկապղծությունը հիվանդություն է համարել: Նա հավելել է, որ Եկեղեցու կողմից նման հանցագործությունների ճանաչումն ուշացել է: «Երբ գիտակցությունն ուշ է հասունանում, խնդրի լուծման միջոցները նույնպես ուշանում են: Ես այս մասին գիտեմ, բայց սա է իրականությունը, եւ ես անկեղծորեն եմ ասում՝ մենք ուշացել ենք»,- նշել է Ֆրանցիսկոսը: