Իրանի քաղաքացի Սաքինե Մոհամադի Աշտիանին, որն ամուսնուն դավաճանելու համար մահվան էր դատապարտվել ազատ է արձակվել:
«Մենք Իրանից տեղեկություն ենք ստացել, որ նրան ազատ են արձակել: Մենք սպասում ենք լուրի հաստատմանը: Ամենայն հավանականությամբ, Իրանի հեռուստատեսությունը պետք է հայտնի այդ մասին», - Ֆրանս Պրեսին հաղորդել է իրավապաշտպան Մինա Ահադին:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին արդեն հայտարարել է, որ Սաքինե Մոհամադի Աշտիանիի ազատման օրը կլինի մարդու իրավունքների ցնծության օրը: Ազատ են արձակվել նաեւ Սաքինեի որդին ու փաստաբանը:
43-ամյա Սաքինեն, որը մեղադրվում է ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանության հետ կապ ունենալու մեջ դատապարտվել է մահվան` քարկոծման եղանակով: Նրան աջակցություն էին հայտնել Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը: Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ ապաստան կտրամադրի Սաքինեին:




























