ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 20.10.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Վ. Պետրոսյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր եւ ընկերուհու մասնակցությամբ կատարված հանցագործության դեպքի վայրի զննության ժամանակ ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, չհայտնաբերելով հանցագործության գործիք հանդիսացող կացնի փայտե բռնակը, իրեն հանձնարարել է խանութից գնել նորը:
Վ. Պետրոսյանը նոր գնած բռնակը ընկերուհու հետ տարել է դեպքի վայր, որտեղ տեսուչի հանձնարարությամբ մատնացույց են արել այն` որպես զննությամբ հայտնաբերված հանցագործության գործիք: Վ. Պետրոսյանը միաժամանակ հաղորդմամբ հայտնել է, որ նույն տեսուչն իր կազմած արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել դեպքի վայրի զննությանը երկու ընթերակայի մասնակցության վերաբերյալ: Ըստ Վ. Պետրոսյանի` իրականում նշված գործողությանը մասնակցել է մեկ ընթերակա, իսկ երկրորդը արձանագրությունում ստորագրել է զննության ավարտից հետո` այլ վայրում:
ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:


























