ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Մ. Առաքելյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 24.08.2014թ.-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձինք իրեն բերման են ենթարկել Նոր Նորքի բաժին եւ 8 ժամ ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, Մ. Առաքելյանը հայտնել է, որ մինչ բերման ենթարկվելը նույն բաժնի պաշտոնատար անձինք հեռախոսազանգերով սպառնացել են իրեն, ինչի հետեւանքով վնաս է պատճառվել իր իրավունքներին եւ օրինական շահերին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: