Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանին սրտի կորոնոգրաֆիա են արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ պաշտպանյալին արդեն տեղափոխել են «Դատապարտյալների» հիվանդանոց ՔԿՀ, նրա ինքնազգացողությունը շարունակում է մնալ վատ:
Վարդուհի Էլբակյանը նաեւ նշեց, որ վատ ինքնազգացողության պատճառով Իշխան Բարսեղյանին չեն ներկայացրել հոկտեմբերի 26-ին Շենգավիթի դատարանում կայանալիք դատական նիստին:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:



























