Բաքվի դեղատներից մեկում բացահայտ իրացվում է տրամադոլ դեղը, որը թմրանյութ է պարունակում: Սա հայտնաբերել է դեռահասի մայրը, որը, պարզվում է, մի քանի անգամ այնտեղ գնել է դեղը, որի վաճառքն առանց հատուկ դեղատոմսի արգելված է: Կինը նույնիսկ տեսանյութ է նկարահանել, թե ինչպես են դեռահասներին տրամադոլ վաճառում, եւ ինչպես են նրանք հետո այն կլլում՝ դեղատան մոտից չհեռանալով:

Դեղատունը մերկացնող տեսանյութը հայտնվել է համացանցում՝ առաջացնելով վրդովմունքի ալիք, հայտնում է haqqin.az-ն: Արդյունքում՝ դեղատունը, որին կից 3 դպրոց կա, փակել են: Հարեւան խանութների աշխատակիցների խոսքով՝ բոլորն էլ տեղյակ էին, որ այս դեղատունը թմրանյութ պարունակող միջոցներ է վաճառում, եւ նրա հիմնական գնորդները դեռահասներն են: Կից ապրող մարդիկ եւ հարեւան խանութների աշխատակիցները բազմիցս դեղատան դեմ բողոքով դիմել են տարբեր մարմիններ, սակայն դրա սեփականատիրոջ դեմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել:

Համացանցում դեղատան մասին տեսանյութը հայտնվելուց հետո սեփականատերերն այն փակել են ու հեռացել:

«Օրվա ընթացքում երբեմն այնտեղ է մտել մինչեւ 50-60 մարդ, եւ բոլորը 20 տարեկանից մեծ չէին: Այնտեղ առավոտից արդեն հերթ էր գոյանում: Տեսանյութը նկարահանած կինը ճիշտ է ասում: Հաբը կուլ տալուց հետո մի քանի դեռահասներ նստել են դեղատան շուրջը, քանի որ այլեւս չէին կարող հեռու գնալ»,- ասել է օբյեկտներից մեկում աշխատող կինը: «Մենք վախենում ենք բողոքել կամ այս դեղատան հաճախորդներին ինչ-որ բան ասել: Չէ՞ որ նրանք բոլոր թմրամոլներ են, կարող են նաեւ մեր խանութների ապակիները կոտրել կամ որեւէ այլ բան անել: Այդ հաբերն ընդունելուց հետո նրանք միանգամայն ոչ համարժեք են դառնում»,- ասում է եւս մեկ խանութի վաճառող: