Պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով կատարվել է առանձնապես խոշոր չափերի գողություն. հարուցվել է քրեական գործ:
Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՓԲ ընկերության, «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի եւ Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնականների Ընկերակցության միջեւ 2002թ. կնքված պայմանագրով «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պարտավորվել է ապահովել Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնականների Ընկերակցության ներդրումներով 1998թ. հիմնադրված 20 հա, 1999թ. հիմնադրված 30 հա արագաճ բարդու գիտափորձարարական տնկադաշտերի, 0,5 հա մայր տնկարանի ինչպես նաեւ 2001թ. հիմնադրված հիբրիդային բարդիների հավաքածուների պահպանությունը, պաշտպանությունը եւ խնամքի աշխատանքների կազմակերպումը:
«ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի՝ համապատասխան պայմանագրով ստանձնած տնկադաշտերի պատշաճ պահպանություն եւ պաշտպանություն չիրականացնելու հետեւանքով, նշված անտառարդյունաբերական տնկադաշտերից անհայտ անձանց կողմից 2004-2016թթ. ընթացքում ապօրինի հատվել է 4.204 հատ ծառ ու հափշտակվել դրանց արդյունաբերական նշանակության անտառանյութը՝ շինափայտ եւ այլն, այդ թվում՝ 1999թ. հիմնադրված տնկադաշտից հատվել է 1900 հատ ծառ, որից միայն հափշտակված շինափայտի ծավալը կազմել է 987 մ3, իսկ արժեքը՝ 19.740.000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


























