Օբյեկտների եւ տարածքների պրոֆեսիոնալ պահպանություն եւ պահնորդական ծառայություն մատուցող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է իրենց հենակետերից մեկի վրա կատարված նոր հարձակման մասին:

«Նոր հարձակում «Պանտեռա Սիքյուրիթի»-ի հենակետի վրա. Քիչ առաջ տեղի ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը եւ ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին:

Նրանք պահանջել են լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ եւ արագ է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն եւ օպերատիվ գործողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նմանատիպ դեպք էր գրանցվել նաեւ հոկտեմբերի 13-ին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում  հոկտեմբերի 13–ի երեկոյան  արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն-տնակը։ Ըստ հավաստի տեղեկությունների, «Դիլիջան» ազգային պարկի միջադեպին մասնակցել է առնվազն  40 մարդ, որոնք  «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը եւ պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Քննչական կոմիտեն եւս հաստատել է, որ հարձակվողները եղել են խմբով:

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։