Օբյեկտների եւ տարածքների պրոֆեսիոնալ պահպանություն եւ պահնորդական ծառայություն մատուցող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության հենակետի վրա հարձակվելու մեջ կասկածվող անձինք ներկայացել ենո ստիկանություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, կասկածյալները ներկայացել են ոստիկանություն:
Նշենք, որ Օբյեկտների եւ տարածքների պրոֆեսիոնալ պահպանություն եւ պահնորդական ծառայություն մատուցող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իրենց հենակետերից մեկի վրահարձակում է կատարվել:
«Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա 2 մեքենայով՝ կարմիր «Մերսեդես Բենց» եւ սպիտակ «Նիվա Ուրբան» գտնվող անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը եւ ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին եւ պահանջել են լքել «իրենց տարածքը»:
Նշենք, որ նմանատիպ դեպք էր գրանցվել նաեւ հոկտեմբերի 13-ին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիլիջան ազգային պարկ»–ի Շամախյան տեղամասում հոկտեմբերի 13–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն-տնակը։ Ըստ հավաստի տեղեկությունների, «Դիլիջան» ազգային պարկի միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը եւ պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Քննչական կոմիտեն եւս հաստատել է, որ հարձակվողները եղել են խմբով:
Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։


























