Մահացած 4-ամյա Կարինեի հարազատների եւ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված, «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին վարիչ Անահիտ Պետրոսյանի միջեւ դատական քաշքշուկը շարունակվում է:

Մահացած փոքրիկի հարազատներն արդեն 1 տարի է՝ պայքարում են, որ բժշկուհուց նյութական եւ բարոյական փոխհատուցում ստանան: 2 մլն դրամի նյութական վնասի փոխհատուցման հայցով դեկտեմբերի 1-ին արդեն դատաքննություն կսկսվի, իսկ 15 մլն դրամ բարոյական վնասի փոխհտուցման հայց տուժող կողմը ներկայացրել է միայն սեպտեմբերի վերջին: Դատարանը հոկտեմբերի 16-ին որոշել է վերադարձնել տուժողի հայցն ընդդեմ ՀՀ Կառավարության, «Արմավիր բժշկական կենտրոն» եւ Անահիտ Պետրոսյանի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 4-ամյա Կարինեն հիվանդանոց էր ընդունվել 2015թ. հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել:

Նույն օրը հիվանդանոց էր ընդունվել նաեւ փոքրիկ Էրիկը: Նրան «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մոր խոսքով, Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը: Կողմերը որոշումը բողոքարկել էին, սակայն եւ Վերաքննիչը, եւ Վճռաբեկը, անփոփոխ են թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից: