Ճապոնական Nissan Motor ավտոարտադրող ընկերությունը երեքշաբթի իր գործարաններում աշխատանքը մասամբ վերականգնել է, որն ամբողջությամբ դադարեցվել էր հոկտեմբերի 18-ին թողարկվող մեքենաների որակի ստուգման համակարգում խնդիրներ հայտնաբերելուց հետո, հայտնում է NHK-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կրկին գործարկվել են ընկերության 6 ձեռնարկություններից 5-ը, երբ պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ տուրիզմի նախարարությունից համապատասխան թույլտվություն են ստացել:
Հիշեցնենք, որ Nissan Motor-ի գործարանների աշխատանքը դադարեցվել էր, քանի որ թողարկվող մեքենաների որակի ստուգումն իրականացնում էին համապատասխան որակավորման փաստաթղթեր չունեցող աշխատակիցները: Նրանք որոշ ձեռնարկություններում շարունակել էին աշխատել նույնիսկ այն բանից հետո, երբ այս մասին տեղեկությունները հրապարակվել էին եւ աղմկոտ սկանդալ առաջացրել:
Աշխատանքի դադարեցումից հետո Ճապոնիայում Nissan Motor-ի գործարաններում արտադրանքի թողարկումը հոկտեմբերին 40 տոկոսով նվազել էր՝ անցյալ տարվա նույն ամսի ցուցանիշի համեմատությամբ:




























