Վաշինգտոնում անցկացվող Ամերիկայի Հայկական Համագումարի (Համագումար) 2011 թվականի «Թերջենյան-Թոմաս» կամավորական ծրագրի դիմում հայտերի հանձման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ 2011 թվականի հունվարի 10-ը:

Համագումարից NEWS.am-ին հայտնում են, որ 8 շաբաթ տեւող ամառային ծրագիրը, որը արդեն 34 տարի է ինչ գործում է, ազգությամբ հայ ուսանողներին հնարավորություն է տալիս աշխատել ԱՄՆ մայրաքաղաքում եւ միաժամանակ մասնակցել կրթական, սոցիալական եւ մշակութային միջոցառումների: Վաշինգտոնի ծրագրին մասնակցող ուսանողներն, ըստ իրենց մասնագիտական կրթության եւ նախասիրությունների, կտեղավորվեն կոնգրեսական գրասենյակներում, վերլուծական կենտրոններում, լրատվական գործակալություններում եւ կառավարական կառույցներում:

Ուսանողները հնարավորություն կստանան քննարկել ամերիկահայերին հուզող խնդիրները՝ Կոնգրեսի անդամների եւ հայտնի գիտնականների հետ իրենց հանդիպումների ընթացքում «Կապիտոլիումի մտահաղացումների եւ դասախոսությունների» ծրագրի շրջանակներում: Շուրջ 900 ուսանող մասնակցել են այս կամավորական ծրագրում, որը գործում է 1977 թվականից ի վեր:

Վաշինգտոնում անցկացվող Համագումարի «Թերջենյան-Թոմաս» կամավորական ծրագրի մասնակի կամ ամբողջական ֆինանսավորումը մրցութային է: Դիմում հայտերը կարել է գտնել Համագումարի կայքում www.aaainc.org.  

Համագումարը նմանատիպ ծրագիր է անցկացնում նաեւ Երեւանում: Երեւանի ծրագիրը, որը 11-րդ տարին է գործում, ուսանողներին հնարավորություն է տալիս ապրել եւ աշխատել պատմական եւ մշակութային ամենահարուստ երկրներից մեկում: Ուսանողները կարող են աշխատել հայ կառավարական կառույցներում, հասարակական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում, լրատվական գործակալություններում,  ինչպես նաեւ հնարավորություն կստանան հանդիպել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձր պաշտոնյաների հետ եւ  շրջագայել երկրով մեկ:

Հայաստանում անցկացվող Համագումարի ծրագրի դիմում հայտերի հանձման վերջնաժամկետը 2011 թվականի փետրվարի 15-ն է: