2010թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացել է ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են նախորդ տարվա արձանագրությամբ հաստատված եւ կատարված հարցերը, նախանշվել հետագա խնդիրները: Քննարկումների արդյունքում հատկանշական էին ռազմատեխնիկական համագործակցության, ՀՀ տարածքում համատեղ վերանորոգման կենտրոնների եւ սերվիսների ստեղծման հարցերը:
Հայկական կողմի համանախագահ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանը եւ ռուսական կողմի համանախագահ, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ.Բիրյուլինը ստորագրել են ամփոփիչ Արձանագրություն, ինչպես նաեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2011թ. միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը Երեւանում անցկացնելու վերաբերյալ:





























