Այս պահին Երեւանի քաղաքապետարանում սկսվել է Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման արարողութունը։ Երդման ընթացքում նա խոստացավ հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել քաղաքապետի իր լիազորությունները եւ գործել ի բարօրություն  երեւանցիների։

Երդման հանդիսավոր արարողությունից հետո Երեւանի պատվավոր քաղաքացի, ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Կարեն Կարապետյանին հանձնեց խորհրդանշական նոր լանջաշղթան, որն, իմիջիայլոց, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինը չէր։

Քաղաքապետարանում է հավաքվել երկրի ողջ իշխանական վերնախավը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Այնտեղ են նաեւ գրեթե բոլոր նախարարները, պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ Հանրային խորրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Նրանք Երեւանի մասին երգերի հնչյունների ներքո ողջունում են միմյանց, իրար ձեռք սեղմում։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի