Թուրքիան անցյալ տարվա ձախողված հեղաշրջման փորձի վնասի փոխհատուցման գործընթացի շրջանակներում հասցված վնասի գնահատման աշխատանքներ է սկսել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին քաջածանոթ պաշտոնյային։

«Ավանդների ապահովագրության հիմնադրամի ղեկավար Մուհիդդին Գյուլալը անցյալ ամիս նամակ էր հղել բոլոր պետական մարմիններին, այդ թվում` բանակին եւ ոստիկանությանը, 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ շենքերին, սարքավորումներին եւ տրանսպորտային միջոցներին հասցված վնասները գնահատելու մասին»,- Bloomberg-ին պատմել է հիմնադրամի պաշտոնյաներից մեկը: Ավելի վաղ՝ երկուշաբթի,  հեղաշրջման փորձի ֆինանսական հետեւանքների գնահատման մասին հայտնել էր Haberturk թերթը։

Պաշտոնյայի խոսքով՝ հիմնադրամը նախատեսել է մինչեւ այս ամսվա վերջ գերատեսչություններից ստանալ հաշվետվությունները։ Bloomberg-ի զրուցակիցը հայտնել է նաեւ, որ նյութական վնասի փոխհատման համար կօգտագործվեն նաեւ իրավաբանական խողովակներ։

Հիմնադրամը առգրավել է 1001 ընկերությունների ակտիվներ, որոնց կառավարությունը կասկածում էր հեղաշրջման փորձ կատարած խմբի հետ կապեր ունենալու մեջ։

Խումբը գլխավորում է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենը, ով ապրում է Միացյալ Նահանգներում: Ավանդների ապահովագրության հիմնադրամի կառավարիչ  է նշանակվել վստահելի անձ եւ հրաժարվել է ընկերության վաճառքի ծրագրերից, հաղորդում է Vesti-ն։