Հաջորդ տարի «Հիկարի» հայ-ճապոնական կրթամշակութային գիտական կենտրոնը կշարունակի իրականացնել ավելի վաղ նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, կենտրոնի աշակերտները, շարունալեկով ավելի վաղ հիմնած ավանդույթները, օգոստոսի 6-ին ընդառաջ իրենց ձեռքերով կպատրաստեն եւ Հիրոսիմա կուղարկեն աշխարհի լապտերները: «Մենք ցանկանում ենք մեր նպաստը ունենալ աշխարհում խաղաղության պահպանման գործում եւ մեր բողոքը արտահայտել տեղի ունեցածի դեմ»,- ընդգծել է Կարինե-սանը:
Կենտրոնի ղեկավարը նշեց, որ ամբողջ տարվա ընթացքում կշարունակվեն իրականացվել բազմաթիվ մշակութային ծրագրեր: «Գարնանը, ավանդույթի համաձայն, մենք սպասում ենք տիկին Յամադայի այցին: Գեղարվեստի ակադեմիայում երկու հիասքանչ օր կանցկացնենք՝ ուսումնասիրելով իկեբանա եւ սումիե», - հայտնել է Կարինե-սանը:
Աշնանը նախատեսվում է ավանդական կինոփառատոն: «Եվ անպայման նշելու ենք ճապոնական տոները. սիրելիների թվում է տանաբատան: Հրավիրում ենք բոլորին այցելել կենտրոն, կախել աստղն ու երազանք պահել: Այնքա՜ն հաճելի է լսել, որ երազանքդ իրականացել է», - ասում է Կարինե-սանը:
«Հիկարի» կենտրոնում ցանկացողները՝ թե’ երեխաները, թե‘ մեծերը, կարող են ծանոթանալ Ճապոնիայի մշակույթի եւ լեզվի հետ:




























