Ինտերը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Իսպանացի մասնագետի պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում էր 2012-ի ամռանը փոխադարձ համաձայնությամբ խզվել է: Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում Կոնգոյի Մազեմբեին 3:0 հաշվով հաղթելուց հետո Բենիտեսը հայտարարել էր, որ իրեն երեք նոր ֆուտբոլիստ է անհրաժեշտ: Ակումբի նախագահ Մասիմո Մորտաին հայտարարեց, որ մարզչի պահանջը տեղին չէ:
Բենիտեսը Ինտերը գլխավորել էր 2010թ. ամռանը, երբ ակումբից հեռացավ Ժոզե Մոուրինյոն: Բենիտեսի գլխավորությամբ Ինտերը նվաճեց Իտալիայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ: Սակայն Իտալիայի առաջնությունում թիմը միայն 7-րդ տեղում է` առաջատար Միլանին զիջելով 13 միավոր:
Ինտերի նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն բրազիլացի Լեոնարդոն է, որն անցած տարի գլխավորում էր Միլանը: Նշվում էր նաեւ Զենիթի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի անունը, սակայն Սանկտ Պետերբուրգի ակումբի ղեկավարությունը հերքել է լուրը:



























