Նյու Յորքում հրդեհի հետեւանքով նվազագույնը 12 մարդ է զոհվել որոնց թվում երեխա կա, դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իշխանությունները նշում են, որ այս տվյալները նախնական են, եւ զոհերի թիվը կարող է աճել:
Նրա խոսքով՝ ներկայումս 4 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է:
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ Բրոնքսում հրդեհի ամենափոքր զոհը 1 տարեկան է, ամենամեծը՝ 50-ից անց:
Վերջին տեղեկություններով նյույորքայն Բրոնքսի 25 բնակարան ունեցող բնակելի շենքում հրդեհը սկսվել է տեղական ժամանակով երեկոյան մոտ ժամը 7-ին: Հրշեջները դեպքի վայր են հասել գրեթե 3 րոպեում, կրակի դեմ, որին տրվել է 7-րդ կարգ, պայքարել է ընդհանուր 150 մարդ:
Դե Բլազիոն հրդեհն անվանել է վերջին 25 տարում ամենասարսափելին: Լրատվամիջոցները հիշեցրել են 2007 թվականին նույն Բրոնքսի ողբերգության մասին, երբ տաքացուցիչից բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էին 9 երեխա եւ մեկ մեծահասակ:
Այս եւ կից շենքերի բնակիչներին, որոնք ստիպված էին իրենց տները լքել, տեղավորել են շրջանային դպրոցում եւ նույնիսկ Բրոնքսի կենդանաբանական այգում, որ մոտ է գտնվում: Իշխանությունները դիմել են Կարմիր խաչին կարիքավորներին ապաստան տալու օգնությամբ:
Նյու Յորքում վերջին օրերին օդի ջերմաստիճանը չափազանց ցածր էր: Դրսում մինուս 8 էր, որը շատ դժվար է հաղթահարել օդի բարձր խոնավության եւ ուժգին քամու դեպքում:



























