2010 թվականը, նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ ամփոփել է նաեւ Երեւանի ավագանու խորհուրդը:  Ավագանու 2010 թվականի աշխատանքները ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Գուրգեն Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատել է գերազանց.
«Տարին գնահատում եմ գերազանց  վերջին հաջողությունով, որովհետեւ վերջին ավագանու նիստով ընդունվեց մեր նախաձեռնությունը` Երեւան քաղաքում տեղական տուրքերի  եւ վճարների դրույքաչափերը սահմանելու որոշման մեջ փոփոխություն կատարվեց, ինչը հաղթանակ է տնտեսվարողների համար: Այդ փոփոխությամբ ծխախոտի եւ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվության տուրքերը սահմանվեցին գոտիականության սկզբունքով: Նախկին երեքի փոխարեն` Երեւանը բաժանելով չորս գոտու»,-մանրամասնել է Գասպարյանը:

Վերջինիս խոսքով  այդ փոփոխությամբ տնտեսվարողների կատարվելիք վճարները նվազել են 40-45 տոկոսով: «Սա ավագանու փայլուն հաղթանակն է: Կարող ենք նշել մայիսի 9-ի հարկերի զիջման հետ կապված փոփոխությունը, որտեղ ներառվեցին մեծ հայրենական պատերազմի, արցախյան հերոսամարտի մասնակիցերը, աֆղանական պատերազմի 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամները: Տարին կարելի է անգամ գերազանց գնահատել»,-ամփոփել է Գասպարյանը:

Մեր դիտարկանը, թե գերազանց գնահատականի մեջ մտնո՞ւմ է վերջին սկանդալային փոփոխությունը (Գագիկ Բեգլարյան` խմբ.), պատասխանել է. «Քաղաքապետի փոփոխությունը եկեք ավագանու աշխատանքների հետ չկապենք, ուրիշ խնդիր է եղել դա, եւ որպես գնահատական, ես նախկինում էլ ասել եմ, դա մեր գործը չէ: Ներքին խնդիրների արդյունքում է եղել»: Հարցին, թե ղեկավարի փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա հետագա աշխատանքների վրա, ավելի դյուրի՞ն կընդունվեն ԲՀԿ-ի նախաձեռնությունները, թե  հակառակը, վստահեցրել  է. «Մենք ոնց աշխատել ենք, այնպես էլ աշխատելու ենք»: