«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Որոշումը կայացվել է կուսակցության՝ նախօրեին կայացած քաղխորհրդի նիստում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՕԵԿ առաջնորդ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահը հայտնել է, որ որոշումը կայացվել է Հայաստանի նախագահի հետ քննարկումների արդյունքում, եւ նոր տարում հայտնի կլինի նոր նախարարի անունը:

Հարցին, արդյոք ճնշումներ եղել են նախարարին փոխելու ուղությամբ, Արթուր Բաղդասարյանը պատասխանել է, որ իրենց վրա ճնշում բանեցնելն այդքան էլ հեշտ գործ չէ: «Դա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ Հայաստանի նախագահը ընդհանուր քաղաքական ղեկավարն է այսօր, բնականաբար այդ որոշումը ես քննարկել եմ նաեւ նախագահի հետ»,- ասել է Բաղդասարյանը եւ հավելել, որ կան նախարարի մի քանի թեկնածուներ, որոնց անունները, սակայն, հիմա չի կարող տալ: