Քանի դեռ չեն բացահայտվել մարտմեկյան դեպքերը, քանի դեռ Հայաստանում չի վերականգնվել խոսքի ազատությունը, քանի դեռ ազատ չեն արձակվել քաղբանտարկյալները, Հայաստանում քաղաքական մթնոլորտը կմնա թունավորված: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպայի Խորհրդում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են 2008 թվականի մարտի 1-ի  դեպքերից հետո Հայաստանի մասին Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված չորս բանաձեւերի կատարումը. 10 զոհերին սպանողները մնում են չբացահայտված, բանտերում են պահվում քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդիկ, «Ա1+»-ը կրկին եթերազրկվեց, հավաքների ազատությունը կրկին սահմանափակվում է: «Եթե մինչեւ այժմ ազատ են արձակվել որոշ քաղբանտարկյալներ, ապա դա եղել է բացառապես դրսի ճնշումների արդյունքում»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ իշխանությունը կարող էր օգտվել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքային դադարից եւ ժողովրդավարության վերականգնմանն  ուղղված քայլեր անել, ինչը տեղի չունեցավ:

ԵԽ-ում ՀԱԿ ներկայացուցիչի կանխատեսմամբ՝ առաջիկայում Հայաստանի վրա ճնշումներն ուժգնանալու են, ինչի դրսեւորումները նկատելի կլինեն հաջորդ տարվա հենց սկզբից. 2011-ի հունվարին փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանելու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, իսկ փետրվարին՝ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներն ու համապատասխան զեկույց են պատրաստելու, որը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Եվրոպայի խորհրդի գարնանային նստաշրջանում։

«Շատ դրական կամ լավատեսական բաներ ասելու առիթ չկա: Եվ հույսս այն է, որ գալիք տարի այս նվազագույն պահանջները կկատարվեն, եւ մենք կազատվենք այն ամոթալի խնդրից, որ Հայաստանն այլեւս չունենա քաղբանտարկյալներ»,- հայտարարեց Գրիգորյանը: