ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ Գյումրիի բնակչուհու պայուսակը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի փետրվարի 4-ին Գյումրիի բնակչուհուց (ազգությամբ ռուս, ծնված՝ 1971թ.) ահազանգ է ստացվել, որ վարձավճարի դիմաց ուղեւորափոխադրման ծառայություն իրականացնող անձը կողոպտել է իրեն՝ հափշտակելով պայուսակը։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 4-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, վարձավճարի դիմաց ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենայի վարորդը 1971թ.ծնված կնոջն ու նրա  ընկերուհուն տեղափոխել է Գյումրիի Անի թաղամաս։

Գումարը վճարելով՝ կանայք իջել են ավտոմեքենայից եւ քայլել դեպի շենքի բակը, որից հետո նույն ավտոմեքենայի վարորդը մոտեցել է նրանց եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել ուղեւորուհիներից մեկի՝ 1971 թ. ծնված կնոջ  պայուսակը, որի մեջ եղել են կանխիկ գումար եւ այլ պարագաներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Shamshyan.com-ի 47-ամյա Նատալյա Վ.-ն եւ 49-ամյա Տատյանա Ե.-ն Գյումրիի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին եւ պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։  Ըստ նրա հայտարարության՝ կողոպուտ կատարելու մեջ ինքը կասկածում է տաքսու վարորդին։

Աղբյուրի տեղեկություններով՝ երկու ռուս կանայք ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Նատալյա Վ.-ն խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տատյանա Ե.-ի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։ Վերջինս աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։