2010-ին ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Իսպանիայի հավաքականը Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) ավանդական նախաամանորյա հարցման արդյունքում ճանաչվել է 2010թ. աշխարհի լավագույն թիմ` հետ թողնելով տափօղակով հոկեյի Կանադայի հավաքականին եւ վոլեյբոլի Բրազիլիայի հավաքականին: Հարցմանը մասնակցել են 93 երկրների 515 լրագրողներ:

Աշխարհի լավագույն մարզիկ է ճանաչվել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, որն այս տարի հաղթեց Մեծ Սաղավարտի երեք մրցաշարերում: Նադալը լավագույնն էր նաեւ Մասթերս շարքի երեք մցաշարերում: Նադալը 63 ձայնով առաջ է անցել ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի եւ Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսիից: Երրորդ տեղում աշխարհի չեմպիոն Անդրես Ինյեստան է:

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել է լեգենդար խորվաթ բարձրացատկորդ Բլանկա Վլասիչը, որը 20 մրցաշարերից 18-ում հաղթանակ է տարել: Նրանից 200 ձայնով հետ է մնացել Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերի չեմպիոն, ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոննը եւ համաշխարհային թենիսի էլիտա վերադարձած բելգիացի Քիմ Քլիսթերսը: