Բուհը չի կարող կառավարվել անկախ, եթե խորհրդի կազմը հաստատում է երկրի վարչապետը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում մեկնարկած Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի թեմայով անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Դիմելով Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ Բախշյանն ասաց. «Դուք խոսում եք այն մասին, որ օրենքով պետք է ապահովվի բուհերի ինքնավարությունը: Edraft-ում 20 դրված է քննարկման մի նախագիծ, որտեղ չկա կետ, որ ասվի, թե բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Հանկարծ 20 օր քննարկումից հետո Կառավարություն է գալիս նախագիծ, որտեղ ավելացվում է այդ տողը, որ բուհի կառավարման խոհուրդը պետք է հաստատի վարչապետը:
Հասկանալի է քաղաքական մեծամասնության նպատակը, բայց սա ուղիղ հակասության մեջ է Ձեր կողմից բարձրացված խնդրին՝ ապաքաղաքականացնել բուհի կառավարումը, բարձրացնել ինքնավարումը: Չի կարող ինքնավարությունը բարձրանա, եթե վարչապետն է հաստատելու կազմը»:
Նրա խոսքով, նախագծում չկա թե ով է ընտրում ռեկտորին. «Հետո որոշ տողերում ծիկրակում է այդ մասը:
Ի պատասխան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը, ինքը խոսում է հիմնադիրի մասին. «Մանրամասն ներկայացված է, թե ինչպես է որեւէ բուհի կառավարման առաջին խորհուրդը ձևավորվում՝ ովքեր են առաջադրվում, հիմնադիրն ինչքան է տալիս, ուսանողությունից որքան, բիզնեսից որքան: Բայց խորհուրդը ինչ-որ տեղ հաստատվելու կարիք ունի: Պետության կողմից հիմնադրվող բուհի խորհուրդը պետք է հաստատվի հիմնադրի կողմից: Կարող ենք գրել՝ Կառավարությունն է հաստատում, կարող ենք գրել՝ նախարարը: Կարևորն այն է, որ հիմնադիրը հաստատի խորհրդի կազմը, որ խորհուրդը լեգիտիմ դառնա»,- ընդգծեց նախարարը՝ նշելով, որ իրենք բաց են առաջարկների համար:




























