Օվկիանոսը ծածկում է մոլորակի մակերևույթի մեծ մասը և անհավանական թվով տեսակների տունն է, որոնցից որոշները դեռևս անհայտ են գիտությանը։ Այժմ Մավրիկիոսի ափերի մոտ՝ Հնդկական օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածի խոր ջրերում, հայտնաբերվել է լուսարձակող շնաձկների բոլորովին նոր տեսակ, գրում է IFLScience-ը։
Նոր տեսակը ստացել է Etmopterus bulbosus անվանումը․ գիտնականներին այդ մտքին բերել է շնաձկան խոշոր, սոխուկանման մռութը։ Տեսակը հայտնի է միայն մեկ նմուշով, որը հայտնաբերվել է 400-ից 500 մետր խորությամբ և տրալային որսի ընթացքում բարձրացվել մակերես։ Etmopterus ցեղը բավականին բազմաքանակ է և ներառում է 43 հայտնի տեսակ, որոնք միավորված են միմյանց մոտ ազգակցական կապ ունեցող առանձնյակների խմբերի մեջ՝ նման մորֆոլոգիական հատկանիշներով։ Գիտնականները նշում են, որ նոր տեսակը դասվել է E. pusillus կլադին, թեև հեղինակները մատնանշում են դրա նմանությունը մեկ այլ տեսակի՝ E. sentosus-ի հետ՝ մաշկային ելուստների մեծացած հատվածի առկայության պատճառով։
Հետազոտողները նշում են, որ բռնված էգի երկարությունը քթի ծայրից մինչև պոչի ծայրն ընդամենը 21,5 սանտիմետր է․ տեսակը ստացել է «մեծաքիթ լուսարձակող շնաձուկ» անվանումը, գրում է Фокус-ը։ Ձկան մարմինն ունի բնորոշ թեթևակի մանուշակագույն երանգ՝ գերակշռող շագանակագույն-սև գունավորման ֆոնին։
Բնության պահպանության միջազգային միությունը գնահատել է այս ցեղի 43 տեսակներից 40-ի պահպանական կարգավիճակը.
36 տեսակ նվազագույն մտահոգություն առաջացնող է համարվում,
3 տեսակի վերաբերյալ տվյալները բավարար չեն,
1 տեսակը դասվել է խոցելի կատեգորիային։
Բարեբախտաբար, քանի որ այս շնաձկների մեծ մասը բնակվում է ծովի հատակի՝ ուռկանորսման մակարդակը գերազանցող խորություններում, դրանք զգալիորեն պաշտպանված են ձկնորսական արդյունաբերության բացասական ազդեցությունից։





























