ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին ընդունել է բանաձեւ, որը Սիրիայում հակամարտող կողմերից պահանջում է առնվազն 30 օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթին հավանություն են տվել Անվտանգության խորհրդի բոլոր15 անդամ պետությունները:
Բանաձեւում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պահանջել է, որ «բոլոր կողմերը անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները» եւ խոստանան Սիրիայի ողջ տարածքում առնվազն 30 օրվա ընթացքում «մարդասիրական դադար պահպանել»: Փաստաթուղթը շեշտում է, որ դա պայմաններ կստեղծի բնակչությանը «մարդասիրական օգնության անհապաղ առաքման համար», ինչպես նաեւ «ծանր հիվանդների եւ վիրավորների տարհանման համար»:
Համաձայն բանաձեւի՝ զինադադարը չի տարածվելու «Իսլամական պետություն» խմբավորման եւ նրա հետ կապված կազմավորումների դեմ գործողությունների վրա:




























