Հայաստանում բոլոր ընտրությունների հետ կապված, որոնց շուրջ վեճեր են եղել եւ դիմել են ՍԴ, չի եղել մի դեպք, որ ՍԴ-ն խախտումներ արձանագրած չլինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառալով «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք երբեւէ Հայաստանում նախագահական ընտրություններ կեղծվել են, թե ոչ:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ նախագահական ընտրություններից հետո ընտրախախտումների վերաբերյալ ՍԴ-ն տասնյակներով փաստեր ներկայացվել են եւ ուղարկվել դատախազություն:
«Բայց ներկայացված փաստերը այնպիսին չեն եղել, որ ՍԴ-ն անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները: իսկ մեծամասնական ընտրությունների դեպքում՝ եղել են դեպքեր, որ ապացույցները եղել են բավարար, եւ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ընտրությունները»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ հարց ուղղեց, թե արդյոք Հայաստանում երբեւէ քաղբանտարկյալներ եղել են, ինչին Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Պատշաճ չէի համարի ոչ հերքել, ոչ հաստատել։ Որեւէ նման գործի նյութերի ծանոթ չեմ եղել, ՍԴ-ում քննարկվող որեւէ դիմումով նման հարց չի շոշափվել, հետեւաբար կդժվարանամ ապրիորի հայտարարություն անել»։











