Հայաստանի ԱԺ-ում քննարկվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրինագիծը ներկայացնող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս նախագիծով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը եւ օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջներին:

Մասնավորապես, օրենքով արգելվում է բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, հանրային նշանակության շենքերի, հանրային տրանսպորտի, շինարարությունն ու վերակառուցումը, եթե դրանք չեն համապատասխանում համընդհանուր դիզայնի պահանջներին կամ այլ կերպ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար:

«Սահմանվում է, որ ավտոբուսային փոխադրումներ իրականացնող կազմակերպություները մրցույթների անցկացման կարգում որպես պարտադիր պայման դրվում է հաշմանդամություն ունեցող անցանձ համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակի պահանջ:

Լսողական խանգարումներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ստացման մատչելիությունն ապահովելու համար սահմանվում են օրվա եթերաժամում ժեստերի լեզվով թարգմանված կամ հայերեն լուսագրով հաղորդումների չափաքանակները»,-ընդգծեց նախարարը:

Նրա խոսքով, ցավոք ժամանակին կառուցված շենքերը չեն համապատասխանել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված չափորոշիչներին. «Նոր կառուցվողների մասով պետք է համապատասխան լինեն այդ չափորոշիչներին, իսկ արդեն կառուցվածների դեպքում պետք է խելամիտ լուծումներ տրվեն, եթե հնարավոր չէ վերակառուցել եւ հարմարաեցնել»: