Ապրիլյան քառօրյայի մասնակից, նախկին պայմանագրային զինծառայող 31-ամյա Ռոման Սահակյանի ընտանիքը ծայրահեղ վատ պայմաններում է ապրում: Ռոմանի կինը` Հերմինե Հայրիյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքի դժվարությունները սկսվեցին 4-րդ երեխայի ծնունդից հետո:
«Մինչեւ 4-րդ երեխայիս ծնվելը, լավ թե վատ, էլի կարողանում էինք ապրել, քանի որ ամուսինս պայմանագրային զինծառայող էր աշխատում մոտ 130 հազար դրամ աշխատավարձ էր ստանում: 4-րդ երեխայիս ծնվելու ժամանակ ինձ մոտ բարդություններ առաջացան, բարդ կեսարյան վիրահատություն էր պետք անել, երեխաներիս պահող չկար, ամուսինս արձակուրդ էր խնդրել, հրամանատարը չէր տվել, այդ պատճառով դիմում էր գրել, աշխատնքից ազատվել էր, որ երեխաներին պահի, մինչեւ հիվանդանոցից վերադառնայի: Ու դրանից հետո սկսվեցին մեր դժվարությունները, քանի որ ամուսինս շինարարական աշխատանքներ էր անում, դա էլ մի օր կար, մի օր չկար»,- պատմում է կինը:
Հերմինեն ու Ռոմանը սեփական բնակարան չունեն. Ծիծեռնակաբերդի խճուղում` ձորի մեջ, 2 սենյականոց սեփական տանն են երեխաների հետ բնակվում, որն էլ իրենց ծանոթին է պատկանում: Սեփական տունը միայն էլեկտրականություն ունի, ջուրն էլ մոտ 700 մետր ճանապարհ են կտրում եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող ցայտաղբյուրից են պլաստմասսե տարաներով բերում:
«Օրը մի 5 անգամ հասնում ենք համալիր, որ ջուր հասցնենք, երեխաների լվացքի համար: Ճանապարհը, որ կտրում, անցնում ենք, շատ վտանգավոր է, ավտոտեսուչները ամեն օր զգուշացնում են, բայց ինչ անենք, ուրիշ ճար չունենք»,- պատմեց Հերմինեն:
Նրա խոսքով` այդ բնակարանից էլ շուտով կարող են զրկվել, քանի որ տարածքում մեծ շինարարություն է կատարվում եւ իրենց տարածքը նույպես նախագծի մեջ է ներառված:
«Ամուսինս նորից է ցանկանում պայմանագրային զինծառայության մտնել, մի քիչ առողջական խնդիրներ ունի, սպասում է կարգավորվի, որ կարողանա աշխատանքի անցնել: Ամուսինս Ապրիլյան պատերազմի ժամանակ 2 ամիս դիրքերում է ծառայել, մինչ դա 6 տարի պայմանագրային զինծառայող է եղել, տան համար էլ հերթագրվել էր, բայց որ դուրս եկավ աշխատանքից էլ չգիտեմ` իրեն կտան տուն, թե` ոչ»,-ասաց Հերմինեն:
Հերմինեն 4 երեխաների ամենօրյա ուտելիքը 500 դրամի կարտոֆիլն է եւ կանաչեղենը, որը ինքն է հավաքում. «Կանաչիներից էլ փոքրիս` 1.4 տարեկան տղայիս փորիկն է ցավում, մի կերպ յոլա ենք գնում: Էդ էլ արդեն մոտ 105 հազարի պարտք եմ բանջարեղենի խանութին, էլ չհաշված մյուս խանութների պարտքերը»:
Հերմինեն նշեց, որ իրենք այս պահին սննդի, հագուստի կարիք ունեն:
Նշենք, որ Հերմինեն եւ Ռոմանն ունեն 1.4 եւ 9 տարեկան որդիներ, 4 եւ 6 տարեկան դուստրեր:
Հերմինեի եւ Ռոմանի բազմանդամ ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 093 800391:














