Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեկնաբանելով ռուսաստանցի ֆուտբոլային ֆանատների ժամանումը Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան հանդիպմանը, վստահություն է հայտնել, որ հասարակական կարգի պահպանման կոմպետենտ մարմինները կկարողանան լուծել խնդիրը եւ ոչինչ չի մթագնի մարտին կայանալիք երեւանյան հանդիպումը, գրում է Սպորտ Էքսպրեսը:
Հայրապետյանը կարծում է, որ ռուսաստանցի ֆանատները Եվրոպայի ամենաանկարգապահների եռյակում են: Նրա կարծիքով, այդ տեսանկյունից նրանք չեն զիջում հույն եւ թուրք ֆուտբոլասերներին: Հայրապետյանը նաեւ Հայաստանի հավաքականի երկրպագուներին կոչ է արել խաղի ընթացքում չսրել մթնոլորտը եւ զերծ մնալ չմտածված քայլերից, որոնք կարող են բերել անցանկալի հետեւանքների:
«Պետք է անհրաժեշտ ամեն ինչ անել, որ ֆուտբոլային տոնը ստացվի: Խուլիգանական գործողություններ եթե լինեն, ժամանակին կկանխվեն: Կարծում եմ, որ ոչ մեզ, ոչ էլ ռուսներին ՈւԵՖԱ-ի պատժամիջոցներ պետք չեն», - հայտարարել է ՀՖՖ-ի ղեկավարը:
Նախատեսվում է ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուներին դիմավորել օդանավակայանում եւ ուղեկցել մինչեւ Երեւանից մեկնելը:





























