Ամերիկյան Tesla ընկերությունը ամբողջ աշխարհում հետ է կանչում 123 հազար Model S մակնիշի էլեկտրամոբիլներ: Պատճառը ղեկի հիդրոուժեղացուցչի մասերն են, որոնք կոռոզիայի են ենթարկվում, փոխանցում է DW-ն: 

Էլեկտրամոբիլներ արտադրողը հայտնաբերել է, որ սառը կլիմայով շրջաններում ղեկի հիդրոուժեղացուցչի հեղույսները կոռոզիա են ենթարկվում, ինչն իր հերթին կդժվարացնի վերահսկողությունը: Ըստ որում՝ հետ են կանչվում միայն մինչեւ 2016 թվականի ապրիլ արտադրված մոդելները: Ընկերությունը մտադիր է փոխել հետ կանչված մեքենաների ղեկի մասերը:

Tesla-ից միաժամանակ շեշտել են, որ ներկա պահին ոչ մի վթար չի գրանցվել, որի պատճառը կարող էր լինել կոռոզիան: Ընկերությունից նաեւ նշել են, որ վարորդները կարող են մեքենաներն օգտագործել ընդհուպ մինչեւ հետկանչը՝ հաշվի առնելով միայն, որ ղեկը պտտելու համար ավելի մեծ ջանք կպահանջվի:

Չնայած շրջանառության աճին, Tesla ընկերությունը վիթխարի վնասներ է կրում: Այսպես՝ 2017-ի երրորդ եռամսյակում կորուստները կազմել են 619 մլն դոլար: Ընկերությունը նաեւ  չի կարողանում հասնել Model 3 բյուջետային էլեկտրամոբիլի արտադրության հայտարարած ծավալներին: