Չունենալով ակտիվ արտաքին քաղաքականություն, մենք չենք կարող օգտվել աշխարհում կատարվող այս կամ այն՝ կոնկրետ դեպքում Հարավային  Սուդանի անկախացման նախադեպից։ Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Եթե մենք քաղաքական ուղեգիծ չունենք, ապա չենք կարող օգտվել միջազգային ասպարեզում գրանցվող նման նախադեպերից։ Սուդանի դեպքը հետաքրքիր նախադեպ էր Աֆրիկայի համար։ Եվրոպայի համար նախադեպ էր Կոսովոն։ Սրանք գործընթացներ են, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի հզորներին կառավարելի դարձնել եւ լծակներ ունենալ տարբեր տարածաշրջաններում»,- ասաց Մելիքյանը։

Անդրադառնալով ադրբեջանամետ տրամադրություններին ավելի լավ հակազդելու Հայաստանի ջանքերին՝ նա նշեց, որ դրա համար պետք է առավել հստակ եւ եւ ոչ մշուշոտ քաղաքականություն որդեգրել։ «Այնինչ, նախաձեռնությունը տվել ենք Ադրբեջանին եւ միջնորդներին եւ խոսում ենք միայն ԼՂ անկախության մասին՝ առանց դրա սահմանների ճշգրտման, առանց փախստականների հարցը բարձրացնելու։ Մեր կրավորական կեցվածքը Ադրբեջանին կարող է ինչ-ինչ ակնկալիքների տեղիք տալ»,- կանխատեսեց Մելիքյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կողմից ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին հայտարարությունն այս առումով որոշիչ էր եւ բավական հստակ, Մելիքյանն ասաց, որ այդ հայտարարությունը պետք է ամրապնդվի նաեւ գործողություններով։ «Նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը ԼՂՀ-ն կճանաչի, եթե Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ վերսկսվեն, սահմանափակում է Հայաստանի քաղաքական ակտիվությունը՝ բացառելով ճանաչման այլ տարբերակ»,- նկատեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ «տեսանելի հեռանկարում հակամարտության պատկերը չի փոխվի»։

«Մենք դա անելու քաղաքական պոտենցիալ չունենք։ Այս տեսանկյունից շատ կարեւոր են Հայաստանի իշխանությունների որակական փոփոխությունները»,- ամփոփեց Մելիքյանը: