Այսօր վաղ առավոտից ցուցարարները կրկին հավաքվել էին Հանրապետության հրապարակում: Չնայած նախօրեին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամը 08:00-ից շրջափակելու են Կառավարության շենքն ու նստացույց են անելու, ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կառավարության մասնաշենքերից մեկը, որտեղ մի քանի նախարարություն է գտնվում: «Իմ քայլը» նախաձեռնության անդամները փակեցին շենքի մուտքը: Ոստիկանությունը սկսեց ուժով հեռացնել ցուցարարներին մուտքի մոտից՝ պատճառաբանելով, որ պետական գերատեսչությունների աշխատակիցները չեն կարողանում շենք մտնել:

Ցույցի մասնակիցները փորձեցին թույլ չտալ ոստիկանական մեքենայով տեղափոխել բերման ենթարկվածներին: Ցուցարարներից մեկը նույնիսկ պառկեց մեքենայի տակ: Ոստիկաններին, ի վերջո, հաջողվեց ցուցարարին դուրս բերել մեքենայի տակից, իսկ բերման ենթարկվողներին՝ տեղափոխել ոստիկանության բաժիններ:

Ընդհանուր առմամբ, այսօր շուրջ 120 ցուցարար է բերման ենթարկվել: Նշենք, որ նախորդ օրերին նույնպես բերման ենթարկվածները շատ են եղել: Նրանցից մեկին՝ Տիգրան Մազմանյանին, այսօր արդեն մեղադրանք առաջադրվեց: Ակտիվիստը մեղադրվում է Հանրային ռադիոյի շենքի տարածքում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Օրվա ընթացքում նաեւ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործով 3 անձ ձերբակալվեց: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրանք ապրիլի 13-ից մասնակցել են Երեւանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքներին, երթերին, իսկ դեպքի օրն անկարգություններ են իրականացրել, կոտրել հանրային գույքը, վնասել ոստիկանության մեքենաները: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պնդում է, որ այդ միջադեպի մասնակիցներն իրենց հետո որեւէ առնչություն չունեն, սադրիչներ են եղել:

Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարներն այսօր կրկին շրջել են մայրաքաղաքի փողոցներով: Ի տարբերություն նախորդ օրերի՝ այս անգամ երթի մասնակիցները քայլել են ոչ թե կենտրոնական, այլ ծայրամասային փողոցներով: Ցուցարարները նախ գործադուլի կոչ են արել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի աշխատակիցներին, ապա շարժվել դեպի «Փեթակ»: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր տարածք մտնելու այլ տարբերակ ընտրել, քանի որ ոստիկանները փակել էին դարպասները:

Ցուցարարներին այդպես էլ չհաջողվեց առեւտրի կենտրոն մտնել: Շուրջ 30 րոպե կանգնելուց հետո ցուցարարներն Արշակունյաց պողոտայով երթով շարժվեցին դեպի Բագրատունյաց փողոց, այնտեղից էլ Իսակովի պողոտայով՝ Հանրապետության հրապարակ: Այստեղ Փաշինյանը դարձյալ ընդմիջում հայտարարեց: Ցուցարարները կրկին հավաքվեցին ժամը 17.00-ին, երբ մեկնարկեց Կառավարության նիստը: Նրանք շուրջ 1 ժամ կոչերով դիմեցին նորանշանակ վարչապետին, կառավարության անդամներին ու քաղաքացիներին: Ցուցարարները նաեւ կոչով ոստիկաններին դիմեցին: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն իրեն հատուկ վարքագծով ընդունեց այդ կոչը: Ավելի ուշ Հանրապետության հրապարակում մեկնարկեց ավանդական հանրահավաքը, որի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց հետագա ռազմավարությունը:

Կառավարության այսօրվա նիստն անցել է Հանրապետության հրապարակում ցույցի ուղեկցությամբ: Ի դեպ՝ շենքը շրջափակված էր ոստիկաններով: Իսկ գործադիրի նիստն այսօր արդեն վարել է վարչապետի պաշտոնում ընտրված եւ նշանակված Սերժ Սարգսյանը: Նա առաջարկել է միանգամից քննարկել օրակարգային հարցերը, իսկ ծրագրերի մասին խոսել հետո, երբ նոր կառավարության կազմն ամբողջությամբ ձեւավորված կլինի:

Սերժ Սարգսյանն այսօր նաեւ հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն սեփականության իրավունքով հատկացված առանձնատնից: Նա կապրի կառավարական ամառանոցում: Սարգսյանն առաջարկել է այդ հարցին անդրադառնալ, երբ վարչապետի աթոռին այլ անձ նստած լինի: Ի դեպ՝ կառավարության նիստն այսօր անցկացվել է ժամը 17:00-ին: Դավիթ Հարությունյանն ասել է, որ այսուհետ, ամենայն հավանականությամբ, նիստերը միշտ այդ ժամին կանցկացվեն:

Արմեն Սարգսյանը կառավարության եւս երեք անդամի է վերանշանակել: Նախագահի հրամանագրով ֆինանսների նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վարդան Արամյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնում՝ Դավիթ Լոքյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնում՝ Սուրեն Կարայանը: Երեկ էլ պաշտոններում վերանշանակվել էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բացի այդ, առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, փոխվարչապետներ՝ Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գեւորգյանը:

Գործադիրի նոր կազմը պետք է համալրի եւս12 նախարար: Դեռեւս հայտնի չէ, թե ովքեր կվերանշանակվեն, իսկ ովքեր հրաժեշտ կտան պաշտոններին: Ամեն դեպքում, մամուլում շատ է խոսվում Լեւոն Ալթունյանի եւ Արծվիկ Մինասյանի պաշտոնանկության մասին: Օրեր առաջ Արմեն Ռուստամյանը նույնպես չէր բացառել դաշնակցական նախարարների փոփոխության հնարավորությունը, սակայն անուններ չէր նշել:

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի ու Եվրամիության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում, իսկ Հայաստանի Ազգային ժողովն այն վավերացրել է ապրիլի 11-ին: Նոր փաստաթուղթը փոխարինելում է 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրին. 2009 թվականին դրա ժամկետը սպառվել էր եւ անընդհատ երկարաձգվում էր: Որպեսզի պաշտոնապես տրվի համաձայնագրով նախատեսված ծրագրերի իրականացման մեկնարկը, հարկավոր է, որ այն վավերացնեն Եվրախորհրդարանն ու Եվրամիության անդամ բոլոր պետությունները: Առայժմ դա արել են Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, իսկ Եվրախորհրդարանը, ամենայն հավանականությամբ, փաստաթուղթը կվավերացնի մայիսի կեսերին:

Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարների վարկանիշում ռուսաստանաբնակ 5 հայ գործարար կա: Forbes-ն ամենահարուստ գործարարների վարկանիշն այս անգամ կազմել է՝ հաշվի առնելով «կենդանի» փողերը, որոնք միլիարդատերերը ստացել են ակտիվների վաճառքի դիմաց կամ դիվիդենտների տեսքով: Ռուսաստանի հայազգի գործարարների ընդհանուր կարողությունը շուրջ 6.8 միլիարդ դոլար է: Վարկանիշի 30-րդ հորիզոնականում Սամվել Կարապետյանն է՝ 3.7 միլիարդ դոլարով. ընդ որում, նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 0.3 միլիարդ դոլարով: 950 մլն դոլար կարողությամբ 109-րդ տեղում Ռուբեն Վարդանյանն է: 141 եւ 142-րդ տեղերում «ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության նախագահն ու փոխնախագահն են՝ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները: Նրանք հավասարաչափ՝ 750 մլն դոլար կապիտալ ունեն: Forbes-ի վարկանիշում ներառվել է նաեւ Telconet հիմնադրամի համասեփականատեր Ալբերտ Ավդոլյանը. գործարարը 700 մլն դոլար կապիտալով 146-րդ տեղում է:

Կուբայում, այսպես ասած, մի ամբողջ դարաշրջան ավարտվեց: Կաստրոներն այլեւս չեն կառավարում երկիրը: Կուբայի Պետական խորհրդի նախագահ է ընտրվել Միգել Դիաս-Կանելին, որը նախկինում զբաղեցնում էր այդ մարմնի փոխնախագահի պաշտոնը: Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եղբայրը՝ 86-ամյա Ռաուլ Կաստրոն, որը վերջին 10 տարիներին ղեկավարում էր երկիրը, պաշտոնաթող է եղել: Իսկ 57-ամյա Միգել Դիաս-Կանելը Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր: Ազգային ասամբլեայում գաղտնի քվեարկության ընթացքում նրա թեկնածության օգտին արտահայտվել է 605 պատգամավորներից 603-ը:

Դոլարն ու եվրոն շարունակում են զիջել դիրքերը, ռուբլին փոքր-ինչ թանկացել է: Ապրիլի 19-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 7 դրամ 86 լումա, ֆունտինը՝ 681 դրամ:

Ապրիլի 20-22-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը 3-5 աստիճանով կբարձրանա, 21-ին՝ 5-7 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն: