Երեւանի ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածների  թիվն այս պահին 122 է: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

NEWS.am-ի հետ զրույցում Շենգավիթի ոստիկանության բաժնում գտնվող փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ Շենգավիթի բաժին բերման ենթարկված 6 անչափահասների մի մասն ազատ է արձակվել, մյուս մասն էլ շուտով ազատ կարձակվի: Նրա տեղեկություններով ընդհանուր առմամբ այսօր ոստիկանական բաժանմունքներ 8 անչափահաս է բերման ենթարկվել:

«Ոստիկանությունում ասացին, որ իրենց օրինական պահանջը չկատարելու համար են բերման ենթարկվել, սակայն երիտասարդները հանգիստ կանգնած են եղել, հավաքին են մասնակցել եւ որեւէ իրավախախտում թույլ չեն տվել: Օրենքի խախտումով է նրանց նկատմամբ վարչական արձանագրություն կազմվում»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի. ոստիկանություն