Մենք առանց լրատվամիջոցների հանդիպել ենք ՀՅԴ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետեւ նրանք քաղաքական ճգնաժամի կողմ չեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ բոլոր դեպքերում նրանց հետ կարող են կուլիսային պայմանավորվածությունների հանգել, նա արձագանքեց. «Որեւէ բան չենք բանակցում նրանց հետ: Դրա համար եմ ասում, որ եթե իրենք ունեն հստակ դիրքորոշում, թող հրապարակային իրենց դիրքորոշումը հայտնեն: Իսկ ՀՀԿ-ն այս ճգնաժամի կողմ է, եւ մենք բաց ֆորմատով ենք պատկերացնում բանակցությունները: Թող գան բացատրեն, թե ինչու են այլ ֆորմատի կողմնակից»:

Հարցին, թե հնարավոր չէ՞, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի չեզոք թեկնածու՝ ո՛չ ՀՀԿ-ից, ո՛չ իրենցից, Փաշինյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է պատասխանատու լինելու այդ չեզոք վարչապետի գործունեության համար, եթե նա ինչ-որ վատ բան անի: Հանրապետականնե՞րը, նրանք արդեն ոչինչ չունեն կորցնելու: Դրա ողջ պատասխանատվությունը կընկնի «Իմ քայլի» վրա: Եթե պատասխանատվությունը մեզ վրա է, ինչու չպետք է վարչապետը մեր թեկնածուն լինի»:

Նա անհեթեթ համարեց առանց որեւէ քաղաքական պատասխանատվության վարչապետի գոյությունը կամ այն վարչապետի, որի գործունեության համար պետք է պատասխանատվություն կրեն այլ քաղաքական ուժեր:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ իրենց առաջարկած ճանապարհային քարտեզը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: «ՀՀ սահմանադրությամբ, Ազգային ժողովը կարող է վարչապետի թեկնածու առաջադրել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Պարտադիր չէ, որ նա լինի ՀՀԿ-ի կամ քաղաքական մեծամասնության անդամ»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը: