«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել է Դիլիջան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչ այստեղ հասնելը մի քանի հարյուր մեքենաներով ավտոերթի մասնակիցներին դիմավորել են Երեւան Սեւան  մայրուղու Չարենցավանի հատվածում, Գագարինի մոտ, Լճաշենի մոտ, Հրազդանում, Ծովագյուղում, Սեւանում: Մարդիկ պաստառներով, դրոշներով կանգնեցնում են ավտոերթը եւ ողջունում Փաշինյանին եւ նրան ուղեկցողներին:

Գագարինի բնակիչները ցանկանում էին գառ մորթել, սակայն փաշինյանը թույլ չտվեց:

Որոշ բնակավայրերում Փաշինյանը կարճ ելույթ էր ունենում եւ կոչ անում չկորցնել զգոնությունը եւ ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին հեղեղել փողոցները:

Դիլիջանում մեծ բազմություն էր հավաքվել, որտեղ փոքր հանրահավաք տեղի ունեցավ: Փաշինյանն իր խոսքում նշեց. «Այս հաղթանակը կերտել է ձեզնից յուրաքանչյուրը: ՀՀ-ում այլեւս ժողովրդի իշխանություն է հաստատվել, սրանից հետո որեւէ այլ կերպ չի լինելու: Վարչապետը, կառավարությունը մնացած պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին: Ով չի ուզում ծառայել ժողովրդին, պետք է ազատի պաշտոնը:

Կոչ եմ անում ժողովրդին պահանջել իրենց քաղաքապետերից, գյուղապետերից՝ ստորագրել եւ հրապարակել հայտարարություններ ժողովրդական շարժմանը միանալու մասին: Մեզ այսօր տարբեր ուղիներով նմանատիպ մեսիջներ են ուղարկում, բայց մեզ համար քաղաքականությունը հրապարակային պրոցես է, եւ այն գյուղապետերն ու քաղաքապետերը, որոնք միանում են շարժմանը, կոչ եմ անում ընդունել հայտարարություն: Հայաստանը դառնալու է ամենածաղկուն երկրներից մեկը, Դիլիջանը դառնալու է ամենածաղկուն քաղաքներից մեկը»,-հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով առանձնահատուկ հարգանք ցուցաբերել ոստիկանների հանդեպ:

Ներկաները վանկարկում են՝ «Նիկոլ վարչապետ»:

Նշենք, որ ավտոերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Այսօր՝ ապրիլի 28-ին, հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։

Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, պետք է հեղեղել Երեւանի բոլոր փողոցները։

Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղղություն է վերցրել դեպի Գյումրի (Ֆոտո)