«Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին»։ Այդ մասին ռուսաստանյան NTV հեռուստաալիքի «Շաբաթվա արդյունքները Իռադա Զեյնալովայի հետ» հաղորդմանը հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը։ Տվեք ինձ իշխանությունն անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դրանք կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն։ Ստիպել, շանտաժ անել մեծաթիվ մարդկանց, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, սեփական հայացքների, քաղաքականության մասին ունեցած իրենց պատկերացումների դեմ, կարծում եմ, բացարձակ այլ ծայրահեղություն է»,- ասել է Քոչարյանը։

Ռեպորտաժը սկսելով՝ Իռադա Զեյնալովան նկատել է, թե «շատերը կուզենային, որ Հայաստանում կատարվողն ընթանար ուկրաինական սցենարով՝ թխվածքաբլիթներով եւ անվադողերով, սակայն այդպես չեղավ»։

Նա հավելել է, թե Հայաստանում հանրահավաքների ժամանակ որեւէ ապակի չի կոտրվել, բռնության որեւէ դեպք չի եղել։ «Այսինքն, դա գունավոր հեղափոխութոյւն չէ»,- ասել է Զեյնալովան։ հաղորդավարը նկատել է, թե «հանրապետությունում անդորրը պահպանելու համար իշխանությունը ոչ միայն հրաժարական տվեց, այլեւ առաջիկա ընտրություններով իր կուսակցությունից թեկնածու չառաջադրեց», եւ այժմ գլխավոր հարցն է՝ կհաջողվի պահպանել այդ անդորրը։

Սպորտի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը NTV-ի թղթակից Իվան Տրոշկինի հետ զրույցում նկատել է, թե սա գունավոր հեղափոխություն կամ Մայդան չէ, մարդիկ պարզապես իրենց մտահոգությունն են հայտնում։ Մարդիկ հրապարակում էլ ասել են, որ այս բողոքը որեւէ այլ երկրի դեմ չէ, այլ սեփական իշխանությունների։ «Մենք պետք է կարգուկանուն հաստատենք մեր տանը»,- ասել է ցուցարարներից մեկը։

Դերասան Հրանտ Թոխատյանն էլ պատմել է, որ ցուցարարների մեջ եղել են առանձին անձինք, որոնք փորձել են բախումներ սադրել ոստիկանության հետ, սակայն այդ կոչերը ոչ ոք չի լսել։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, թե միակ խնդիրը, որ հանրապետականները պիտի լուծեն, իշխանության անցնցում փոխանցումն է։ Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ նա նկատել է. «Մենք չենք պատրաստվում որեւէ կտրուկ աշխարաքաղաքական շարժ անել։ Տեսանելի ապագայում հայաստանի չի լինելու որեւէ կառավարություն, որը հակառակը կասի»,- նշել է Փաշինյանը։