Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե եթե մայիսի 8-ին կրկին վարչապետ չընտրվի եւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, ինքը կմասնակցի՞, Փաշինյանը պատասխանեց. «Դա կախված կլինի մթնոլորտից, որովհետեւ եթե պրոցեսը այս ծավալով է ընթանում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք ունենում: Շուտով իրավիճակը կփոխվի ամեն ժամ»:

Փաշինյանի խոսքով, իրենց մարտավարությունը ճնշումը մեծացնելն է մինչեւ իշխանափոխություն:

Նա հայտարարեց, որ ոչ մի բախում չի կարող լինել, որովհետեւ իրավիճակը 100 տոկոսով գտնվում է իրենց վերահսկողության տակ: «Եթե անգամ լինեն սադրիչներ, մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու: Եթե ինչ-որ անձանց կազմակերպած խմբեր լինեն, առանց բռնության վնասազերծում ենք, ոտքերը ձեռքերը ծալում ենք, նստում վրան»:

Հարցին, թե բացի Ֆելիքս Ցոլակյանից կլինե՞ն էլի ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք կմիանան շարժմանը, Փաշինյանն արձագանքեց. «Ինձ դուր չեն գալիս կուլիսային պրոցեսները»:

Նշենք, որ Փաշինյանի գլխավորած երթը Արշակունյաց պողոտայով հասել է Վազգեն Սարգսյանի փողոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ, երբ Փաշինյանին հարցրել էին, թե պատրաստ կլինի՞ գնալ արտահերթ ընտրությունների, եթե այդ ընտրությունները տեղի ունենան ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, նա ասել էր, որ ամենայն հավանականությամբ ակտիվ բոյկոտի կդիմեն, կշրջափակեն ընտրական տեղամասերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 1-ին 45 կողմ եւ 56 դեմ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Մայիսի 1-ի քվեարկությունից 7 օր անց՝ մայիսի 8-ին, անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: