Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ մայիսի 8-ին, ԱԺ-ում ՀՀԿ-ն կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:
«Միշտ էլ իրավիճակը լարված է, ես կարծում եմ, որ ամեն ինչը լավ վերջանալու է»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ինքը չի կարող պատասխանել, թե իրենք վարչապետի թեկնածու կառաջադրեն, թե ոչ. «Թեկնածու առաջադրելու ժամանակը չէ այժմ, եւ հարցի պատասխանը կլինի ավելի ուշ»:
Նկատառմանը թե ժողովուրդը ՀՀԿ-ի հրաժարականն է պահանջում, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ եթե մենակ ինքն է, ապա ինքը կհրաժարվի:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:
Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը:
Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:




























