Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ–ն անկեղծ կլինի չին–ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների պահպանման ցանկության մեջ, հավատարիմ կմնա փոխադարձ հարգանքի եւ հավասարության սկզբունքներին խորհրդակցությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Բանակցությունները ԱՄՆ–ի եւ Չինաստանի միջեւ կընթանան մայիսի 3-4-ը։  

«Իհարկե, հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների մակարդակը, ինչպես նաեւ հարցերի բարդությունը, դրանք լուծել մեկ հանդիպմամբ երեւի թե բնավ իրատեսական չէ»,–նշել է նա։

Խոսելով չինական կողմի սպասելիքների մասին՝ Չունինը նշել է, որ առեւտրային վեճի լուծումը երկու խոշոր տնտեսությունների միջեւ անկասկած համապատասխանում է ոչ միայն Չինաստանի ու ԱՄՆ–ի ընդհանուր շահերին, այլ նաեւ համընկնում է մնացյալ աշխարհի ակնկալիքների հետ։

Սա կողմերի միջեւ անցկացվող առաջին բանակցություններն են նրանց միջեւ ծագած առեւտրային վեճից ի վեր, երբ ԱՄՆ–ն հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերի մասին, ինչպես նաեւ Վաշինգթոնի կողմից  չինական արտադրանքների համար մոտ 150 միլիարդի մաքսատուքրեր սահամնելու սպառնալիքի առնչությամբ։