Չինաստանն ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների բարեհաջող ելքի հույս ունի, բայց պատրաստ է ցանկացած արդյունքի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է անցկացվեն հավասար եւ փոխշահավետ հիմքով: Նա հավելել է, որ Պեկինը չի տրվի Վաշինգտոնի կողմից որեւէ առեւտրային սպառնալիքի եւ բանակցությունների որեւէ նախապայման չի ընդունի:
Ամերիկյան առեւտրային պատվիրակությունը բանակցությունների համար Պեկին է մեկնելու մայիսի 3-ին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է մինչեւ 150 մլրդ դոլարի չափով մաքսատուրք սահմանել չինական ապրանքների ներմուծման համար. նա Չինաստանին մեղադրում է անարդար առեւտրային քաղաքականության եւ մտավոր սեփականության հափշտակման մեջ:




























