Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մայիսի 4-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փախգործակցությունը առավել զարգացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:

Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով հայ-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրանան։

Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին եւ արտգործնախարարությանն իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար եւ համոզմունք հայտնեց, որ տարբեր բնագավառներում Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կապերը կապրեն շարունական վերելք՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:

Ի գնահատանք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի դեսպանին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը: