Ամերիկյան կառավարությունը նախագահ Դոնալդ Թրամփի պահանջով վերանայում է սիրիական ընդդիմությանը, այդ թվում ոչ կառավարական «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությանը օգնության տրամադրման ծրագրերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության աշխատակիցը:
«Նախագահի կարգադրությամբ մենք ակտիվորեն վերանայում ենք Սիրիայում մեր օգնության ներկայիս ծրագրերը, այդ թվում «Սպիտակ սաղավարտների» աջակցությունը»,-խոստովանել է դիվանագետը,- ԱՄՆ-ն այլ հովանավորների հետ միասին աջակցում է «Սպիտակ սաղավարտներին»: Մենք հույս ունենք, որ դրա գործողությունները շարունակվելու են լրացուցիչ բազմակողմ կամավոր նվիրաբերություններից հետո: Նախագահը հստակ ասել է այն մասին, որ գործընկերները եւ դաշնակիցները Սիրիայում կայունության համար պետք է նշանակալի դեր ստանձնեն», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն 2013-ից ֆինանսապես աջակցել է «Սպիտակ սաղավարտներին»: Այդ ընթացքում ԱՄՆ-ի իշխանությունները ավելի քան 33 մլն դոլար են տրմադրել կազմակերպությանը: Ընդ որում նա «Սպիտակ սաղավարտներին» բնութագրել է որպես «անկախ սիրիական կազմակերպություն, որը կազմված է կամավոր խաղաղ քաղաքացիներից»:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Վաշինգթոնը շարունակում է իր ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայում ԻՊ-ի ոչնչացմանը: Նա չի նշել՝ արդյոք ԱՄՆ-ն այլ լրացուցիչ դրդապատճառներ ունեցել է «Սպիտակ սաղավարտների» ֆինանսավորման դադարեցման որոշումը կայացնելու համար:




























