ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Բ. Մ.-ն 06.04.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրել համապատասխան ընկերությունում գրավադրված, համատեղ սեփականության իրավունքով իրեն եւ եւս երկու անձի պատկանող բնակարանի վրա:

Այնուհետեւ, վերը նշված ԴԱՀԿ աշխատակիցը որոշում է կայացրել  բնակարանը էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին, որի վերաբերյալ չի ծանուցել ինչպես բնակարանը գրավադրած պարտապանին, այնպես էլ իրեն եւ բնակարանի մյուս համասեփականատիրոջը: Արդյունքում ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը էլեկտրոնային լոտով վաճառվել է 368.000 ՀՀ դրամով:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ ծառայության վերը նշված  աշխատակիցը, օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, իրավասու չի եղել բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:

Կատարվում է նախաքննություն: