2016թ.-ի հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով դատական հերթական նիստը մայիսի 15-ին հետաձգվեց:
Լոռիում NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, նիստի հետաձգման պատճառը գործով ամբաստանյալ, Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի բացակայությունն էր: Վերջինս դատարանին ուղղված գրավոր դիմումով տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ, քանի որ այլ դատական գործով ներգրավված է որպես երրորդ անձ:
Դատական նիստի հերթական հետաձգումն առաջացրեց մահացած ծննդկանի հարազատների վրդովմունքը: NEWS.am-ի հետ զրույցում Նազլուխանյանի սկեսուրը՝ Քնարիկ Մնացականյանը, նշեց, որ շուրջ 1 տարի 7 ամիս է՝ պայքարում են, որ արդար քննություն տարվի եւ մեղավորը պատժվի: Մահացած ծննդկանի սկեսուրը հայտնեց, որ նախկինում այս խնդրով բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն, անօգուտ: Քնարիկ Մնացականյանը հույս հայտնեց, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի իրենց:
«Երբ գալիս ենք, ասում են՝ փաստաբանը չկա, լավ ինչի՞ համար, համ սպանել ա մեր աղջկան, համ էլ դատ չի լինում: Շատ նամակներ ենք գրել, բոլոր պատկան մարմիններին դիմել ենք, դատախազություն էլ եմ գրել, բայց օգուտ չկա: Մեր մարզում էլ դատախազություն չկա...»,- ասաց մահացած ծննդկանի ազգականը:
Ըստ մեղադրանքի, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը ներկայումս հանգուցյալ Արսեն Բալայանի հետ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարախիղճ վերաբերմունքի հետեւանքով չեն իրականացրել Հռիփսիմե Նազլուխանյանի հետծննդաբերական բուժմիջոցառումները, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է Նազլուխանյանի մահը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Վանաձորի ԲԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, ինչի արդյունքում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունները շարունակվել են ու հանգեցրել մահվան:




























