Կալանքների պրակտիկան Հայաստանում մտահոգիչ է, միաժամանակ, դատարան կալանքի միջնորդությունների ներկայացման նվազման միտում կա: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս նշեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ կալանքի կիրառման հարցը կարեւոր է իրավունքների ապահովման տեսանկյունից: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրություների համաձայն, որոնք ներկայացվել են զեկույցում, 2011-2017թթ. դատարանների կողմից այդ միջնորդությունների բավարարման աճի միտում կա. 2017թ., օրինակ, բավարարված եւ մասնակի բավարարված միջնորդությունները կազմել են 94%-ից ավելին:

Միաժամանակ, Պաշտպանին մտահոգում են կալանավորման ժամկետի երկարաձգման մասին միջնորդությունների քննարկման, դրանց բավարարման ցուցանիշները, գրավի կիրառման խիստ ցածր ցուցանիշը:

Արդյունքում, ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է. կալանքը պետք է լինի բացառիկ խափանման միջոց: «Պետք է լինի այլընտրանքային խափանման միջոցների ճկուն համակարգ՝ օրենսդրական մակարդակով: Կալանքի կիրառման հնարավորությունը պետք է անհատական մոտեցման պայմաններում քննարկվի բացառապես այն դեպքում, երբ մյուս բոլոր դեպքերում հնարավոր չէ երաշխավորել անձի պատշաճ վարքագիծը: Ի վերջո՝ դատավորը կալանքի միջնորդությունը քննելիս պետք է միշտ առաջնորդվի անմեղության կանխավարկածով: Պետք է փոխվի դատավորների իրավական ընկալումը»,- նշեց Արման Թաթոյանը:

Օմբուդսմենն առանձնացնում է եւս մեկ կարեւոր հարց. ազատությունից զրկված անձի՝ ընտանիքի անդամներին տեսակցելու իրավունքը. «Այսօր այդ որոշումը կայացնում է քննիչը, եւ առանց որեւէ ժամկետի սահմանափակման, առանց վերանայման անձը կարող է, ասենք, ամբողջ կալանքի ընթացքում զրկվել ընտանիքի անդամներին տեսակցելու իրավունքից: Ես դա համարում եմ անթույլատրելի»:

ՄԻՊ աշխատակազմն արդեն նախագիծ է մշակել ու շրջանառել, հիմա մտադիր է ակտիվորեն աշխատել ԱԺ-ի եւ կառավարության հետ՝ դրա ընդունմանը հասնելու համար:

«Տեսակցությունների մասով որոշումը պետք է կալանքի օրինակով անընդհատ վերանայվի այն կիրառած մարմնի կողմից, պետք է որոշակի ժամկետով սահմանափակված լինի: Սրանք պատահական կանոններ չեն, եվրոպական պրակտիկա է: Ընտանիքի հետ կապը կարեւոր է՝ անձի հոգեկան վիճակի հետ կապված, շատ կարեւոր է նաեւ ինքնասպանությունների, ինքնավնասումների կանխարգելման տեսանկյունից»,- շեշտեց Արման Թաթոյանը: